AM
4 February 2017 - 05:01 AMT

Կոնստանտին Օրբելյանը ժամանակավորապես նշանակվել է Օպերային թատրոնի տնօրեն

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։

Մեկ այլ հրամանով Անդրանիկ Արզումանյանը նշանակվել մշակույթի նախարարի խորհրդական։

Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ, նախարար Ամիրյանի հրամանով՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա։

Ավելի վաղ՝ 2016-ի հունիսին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով և թատրոնի տնօրեն Ա. Արզումանյանի հրամանով նշանավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար:

Կոնստանտին Գարիի Օրբելյանը ծնվել է 1956 թ. Սան Ֆրանցիսկոյում, Սյունյաց Օրբելյանների իշխանական տոհմից սերած ընտանիքում: Չորս տարեկանից արդեն սովորել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիային կից մանկական երաժշտական դպրոցում, իսկ որպես դաշնակահար դեբյուտով հանդես է եկել 11 տարեկանում՝ Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ավարտել է Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական բարձրագույն դպրոցը:

1980-90 թթ. որպես վիրտուոզ դաշնակահար 750 համերգային ելույթներ է ունեցել մի շարք հեղինակավոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում։ Ամերիկյան հանրահայտ երաժիշտների հետ շրջագայել է ռուսական երաժշտական կենտրոններում և ռուս արտիստների հետ՝ Հյուսիսային Ամերիկայում:Շոտլանդական թագավորական ազգային նվագախմբի և դիրիժոր Նեեմե Յաարվիի հետ նրա ձայնագրած Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը Միացյալ Թագավորությունում արժանացել է «Տարվա լավագույն կոնցերտի ձայնագրություն» մրցանակին։

Դաշնակահարի փայլուն կարիերային զուգահեռ Կ. Օրբելյանը մեծ գործունեություն է ծավալել նաև օպերային արվեստում, հանդես գալով որպես դիրիժոր և գեղարվեստական ղեկավար: 1991-2009 թթ. եղել է Ռուսաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 2010 թ. ղեկավարել է Պ. Սլոբոդկինի թատերա-համերգային կենտրոնի կամերային նվագախումբը: 2013-ից համարվում է Վոլգոգրադի «Ցարիցինյան օպերա» պետական թատրոնի գլխավոր պրոդյուսերը, հրավիրյալ գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 2014-ից ղեկավարում է Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը:

Կ. Օրբելյանը հաճախ է համագործակցում աշխարհահռչակ այնպիսի երգիչների հետ, ինչպիսիք են՝ Էվա Պոդլեսը, Գալինա Գորչակովան, Ռոբերտո Ալանիան, Ռենե Ֆլեմինգը, Սոնդրո Ռադվանովսկին: Համագործակցության արդյունքն են «Դելոս» ֆիրմայի թողարկված երեք տասնյակ ձայնասկավառակները: Այս շարքում Դմիտրի Խվորոստովսկու հետ իրականացված «Որտեղ եք, իմ եղբայրներ» և «Մոսկովյան գիշերներ» ձայնագրությունները ներկայացվել են բազմաթիվ շրջագայությունների ժամանակ և կենդանի հեռարձակմամբ, այդ թվում՝ Մոսկվայի Կարմիր հրապարակից։

Որպես պրոդյուսեր, Օրբելյանի առաջին կինոաշխատանքը կոչվում է «Ռենե Ֆլեմինգ և Դմիտրի Խվորոստովսկի. մի ոդիսական Սանկտ Պետերբուրգում», որը նկարահանվել է Պետերբուրգի պատմա-մշակութային վայրերում և ներկայացնում է Ռենե Ֆլեմինգին և Դմիտրի Խվորոստովսկուն։ «Օպերա նյուզը» Օրբելյանին անվանել է «երգիչների երազած գործընկեր» և նշել, որ վոկալ երկացանկը նա իրականացնում է «առաջնորդ դաշնակահարի զգայունությամբ»։

2001 թ. Կ. Օրբելյանին շնորհվել է Էլիս Այլենդի Պատվո մեդալը, որին արժանանում են ԱՄՆ-ում բացառիկ ներդրում ունեցած ներգաղթյալները կամ նրանց զավակները։

2003 թ. Կ. Օրբելյանը պարգևատրվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչմամբ, որը մինչ այդ երբևէ չէր շնորհվել Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող որևէ օտարերկրացու։

2012 թ. պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ ռուսական մշակույթը երկրից դուրս ճանաչելի դարձնելու գործում ունեցած ներդրման համար։

2015 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։

2014 թ. թողարկված ձայնասկավառակը՝ Ռոսինիի օպերաների արիաները՝ տենոր Լոուրենս Բրանուլիի ու Կ. Օրբելյանի ղեկավարած Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դարձել է «Գրեմմիի» նոմինանտ՝ «լավագույն դասական ալբոմ» անվանակարգում: