AM
15 October 2002 - 14:55 AMT

ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ

Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունն ուղղված է միայն պաշտպանողական խնդիրների լուծմանը եւ չի կրում հարձակողական բնույթ: Այդ մասին հայտարարել է երեկ երեկոյան Երեւան ժամանած Ռուսաստանի Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Վլադիմիր Միխայլովը: «Մենք պաշտպանում ենք Հայաստանը եւ մտադիր չենք հարձակվել»,- ընդգծել է նա: Ինչպես տեղեկացրել է գլխավոր հրամանատարը, Հայաստանի պետական եւ զինվորական ղեկավարության հետ նա կքննարկի ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը երկու երկրների միջեւ: Միխայլովի այս ուղեւորությունը հատկանշական է նաեւ նրանով, որ վերջերս ԱՊՀ պետությունների ղեկավարները հաստատել են նրան Համագործակցության ՀՕՊ-ի խորհրդի նախագահի պաշտոնում: Վերջին երեք տարիներին մենք Հայաստանի հետ համատեղ մարտական հերթապահություն ենք կատարում ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգի շրջանակներում, հիշեցրել է գեներալը: «Այդ ժամանակահատվածում ռուսաստանյան ավիախումբը դարձել է ավիաբազա, վերազինվել է նոր ժամանակակից ինքնաթիռներով, ռուսաստանյան ռազմական բազայում տեղադրվել են «C-300» զենիթա-հրթիռային համալիրները, որոնք արդեն մեկ տարի է կատարում են մարտական հերթապահություն»,- նշել է նա: Գլխավոր հրամանատարը տեղեկացրել է, որ կայցելի Երեւանում գտնվող ռուսական ավիաբազան, կծանոթանա գոյություն ունեցող խնդիրներին: «Ռուսաստանյան կողմը ամբողջովին կատարել է Հայաստանի հետ կնքած ռազմա-տեխնիկական համագործակցության պարտավորությունները»,- նշել է գեներալը: Նրա խոսքերով` այսօր Հայաստան կժամանի վերջին ինքնաթիռը, որը կհասցնի ՀՕՊ-ի սարքավորումներ եւ սպառազինում: Միխայլովը «ամուր «լավ» է գնահատել է Հայաստանի ՀՕՊ մարտունակությունը: Հայկական կողմը կարողանում է շահագործել մարտական տեխնիկան, լավ է պատրաստում թռիչքային անձնակազմը, ասել է գեներալը: