AM
9 February 2017 - 07:48 AMT

Սիրահարների այգում կտեղադրվի Դավիթ Երևանցու քանդակը

Երևանի Սիրահարների այգու տարածքում կտեղադրվի «Սիրահարներ» քանդակը: Տեղադրման համաձայնություն տալու վերաբերյալ հարցն ընդգրկված է Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում: Քանդակը տեղադրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի կողմից։

Քանդակի հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է (Դավիթ Նիկոլի Բաբայան):

«Քանդակագործ Դավիթ Երևանցու կողմից հեղինակած և Երևան քաղաքին նվիրաբերած «Սիրահարներ» քանդակային աշխատանքը Երևանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովի կողմից արժանացել է հավանության և առկա է նաև Երևան քաղաքի Սիրահարների այգու տնօրինության համաձայնությունը»,-ասված է ավագանու որոշման նախագծում:

Դավիթ Երևանցու գործերը տեղադրված են աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնավորապես՝ Փարիզում և նրա արվարձաններում տեղադրված են Երևանցու` Հայոց ցեղասպանության թեմայով մի շարք գործեր։

Անվանի քանդակագործի հեղինակած աշխատանքների թվին են պատկանում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը (Լիլաս քաղաքի գերեզմանատանը, Ֆրանսիա), Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Կոմիտասի հուշարձանը (Փարիզ), «Ղարաբաղցի կինը» քանդակը (1988թ.՝ ք. Երևան), Վիլյամ Սարոյանի հուշարձանը (2008թ., ք. Երևան), «Վարք հավերժության» քանդակ (2012թ.` ք. Երևան), Գրիգոր Հասրաթյանի հուշաքարը։ Հեղինակ է նաև դրվագումների («Կոմիտաս», 1968թ.՝ բրոնզ, «Աղջիկ», 1972թ.՝ պղինձ և այլն), գեղանկարների, դիմանկարների, մեդալների, դեկորատիվ- կիրառական իրերի։