Այսօր եռօրյա աշխատանքային այցով Երեւան է ժամանում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Վլադիմիր Միխայլովը: Այցի ընթացքում Վ.Միխայլովը, որը հանդիսանում է ԱՊՀ հակաօդային պաշտպանության հարցերի համակարգման կոմիտեի նախագահը, հայկական կողմի հետ կքննարկի ԱՊՀ Հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի շրջանակներում ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, ինչպես նաեւ Համագործակցության հարավային օդային սահմանների ուժեղացման խնդիրները: Մասնավորապես, խոսք կգնա հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի կազմակերպման եւ հետագա կատարելագործման, ինչպես նաեւ տվյալ ոլորտում տեխնիկական համագործակցության եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների Քիշնեւում կայացած վերջին գագաթնաժողովում ստորագրված միջպետական համաձայնագրերի համաձայն ֆինանսական միջոցների հատկացման մասին: ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարը կայցելի նաեւ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմական բազա: