Եթե մարտական գործողությունների արդյունքում Իրաքում հաջողվի տապալել Սադդամ Հուսեյնին, ապա էժան իրաքյան նավթը կվերադառնա համաշխարհային շուկա եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության անհրաժեշտությունը կվերանա: Այդ մասին «Associated Press» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների Վաշինգտոնի կենտրոնի թուրքական նախագծի տնօրեն Բուլենթ Ալիրզանը: Նրա խոսքերով, Բաքու-Ջեյհան նավթամուղի առեւտրային շահութաբերությունը պետք է վերանայվի: «Դա հրաշք է, որ նավթամուղի նախագիծը չի «տապալվել» բոլոր քաղաքական եւ տնտեսական հաշվարկների բեռի տակ»,-ասել է Ալիրզանը: Նրա խոսքերով, Բաքու-Ջեյհան նավթամուղով ստացված ադրբեջանական հում նավթի վերջնական գինը, հնարավոր է, կլինի 6 անգամ ավելի թանկ, քան իրաքյան նավթը, իսկ Արեւմուտք մատակարարման ժամանակը կլինի ավելի մեծ: Ալիրզանը նշել է, որ ներկույումս արդեն գոյություն ունի նավթամուղ, որը նախատեսված է իրաքյան նավթը նույն Ջեյհանի նավահանգստի տարանցումով Արեւմուտք տեղափոխելու համար: Բայց այդ նավթամուղի նավթն «ընկնում է» Իրաքի նկատմամբ կիռարված տնտեսական պատժամիջոցների հոդվածի տակ: Իրաքում հաջող ռազմական գործողություններն ամեն ինչ կարող են փոխել, գտնում է նա: «Եվ այդ ժամանակ հարց կառաջանա, թե ինչն է ավելի ձեռնտու` փոխադրել իրաքյան նավթը մեկ բարելի դիմաց 1 դոլարով, թե ադրբեջանական նավթը` 6,75 դոլարով»,- ասել է վաշինգտոնյան Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների թուրքական նախագծի տնօրենը: