Հայաստանում օտարերկրացիների ներքին անձնագրերը կհամարվեն անձը հաստատող փաստաթուղթ և դրանցում որևէ դրոշմ կամ նշում չի կատարվի, քանի որ վերջինիս արդյունքում ներքին անձնագրերն այդ պետություններում կկորցնեն իրենց վավերությունը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարը ներկայացրել է «ՀՀ պետական սահմանային ռեժիմ սահմանելու մասին» ու «Անձը հաստատող փաստաթղթի մասին» կառավարության 702 և 767 նորմատիվային որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:
Նախարարի խոսքով՝ այս փոփոխությամբ, ըստ էության, հնարավորություն է տրվում օտարերկրացիներին ՀՀ տարածք մուտք գործել ներքին անձնագրերով, որն էլ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:
«Այս որոշումը կվերաբերի նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին՝ նրանց ևս հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ներքին անձնագրերով»,- ասել է նախարարը, հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Համաձայնագրում կատարվող փոփոխությունը ՌԴ քաղաքացիների համար նախատեսում է ՌԴ քաղաքացու անձնագրով (ներքին անձնագիր) ՀՀ տարածք մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու հնարավորություն: Փոփոխությունը ոչ միայն կդյուրացնի ՌԴ քաղաքացիների ՀՀ տարածք այցելությունների ռեժիմը, այլև կխթանի զբոսաշրջության, երկկողմ տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական, մշակութային և այլ ոլորտներում կապերի զարգացում:






