Փետրվարի 15-ին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կուշևսկայա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ 2 քաղաքացի` վարորդ Ռ.Պ.-ն (ծնվ. 1953թ.) և ուղևոր Ք.Մ.-ն (ծնվ.` 1968թ.) հոսպիտալացվել են Կուշևսկայայի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթյանն իր ֆեյսբուքյան էջում:
Փետրվարի 15-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Setra» մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է «ՄԱՆ» մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային: Ավտոբուսում եղել է 9 ուղևոր, երեխաներ չեն եղել: Բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ են:
Գրառման մեջ ասվում է, որ հիվանդանոցի գլխավոր բժշկի փոխանցմամբ` իրականացված հետազոտությունների արդյունքում վարորդի մոտ ախտորոշվել է կողերի և սրունքների զույգ ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքներ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Մյուս տուժողի վիճակը միջին ծանրության է։ Նրա մոտ ախտորոշվել է սրունքի զույգ ոսկրերի կոտրվածք և գլխուղեղի ցնցում։
Վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։






