AM
14 October 2002 - 14:29 AMT

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՍՆԱԿՆԵՐԸ ՈՐՈՇՈՒՄ ԵՆ ԿԱՅԱՑՐԵԼ ԿՈՎԿԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Մոտ ժամանակներս կստեղծվի Կովկասի խնդիրներով զբաղվող հատւոկ միջխորհրդարանական խումբ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատգամավորների մասնակցությամբ: Այդ որոշումը ընդունվել է «կովկասյան քառյակի»` այդ երկրների խորհրդարանների ղեկավարների, Թբիլիսիյում կայացած հանդիպման ժամանակ: Խորհրդարանների խոսնակները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ հանդիպել են Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարնաձեի հետ: Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության անդամների խոսքերով, Թբիլիսիում կայացած բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել նման կարգի հանդիպումների կանոնավոր կազմակերպման շուրջ` տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման ուղիների որոնման, ինչպես նաեւ միջպետական հարաբերությունների զարգացման նպատակով: Նախատեսվում է, որ Հարավային Կովկասի երկրների խորհրդարանների ղեկավարների նման հանդիպումները կանցկացվեն տարեկան առնվազն չորս անգամ հերթականությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի մայրաքաղաքներում: