Գազի սակագնի իջեցման հետ մեկտեղ կարող է փոփոխվել գազի կալորիականությունը: Այս մասին լրագրողներին ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն՝ անդրադառնալով հունվար ամսվա կոմունալ վճարումներին։
«Գազի սակագնի փոփոխությունը տեսնելու էինք հունվար ամսվա վճարի ժամանակ։ Սակայն, սպառողների ավելի քան 90 տոկոսի մոտ հունվար ամսվա գումարն ավելի շատ կազմեց, քան դեկտեմբերին էր։ Մեր երկրում տարբեր փորձագետների կողմից տարբեր ժամանակահատվածներում գազի հետ կապված միշտ եղել է հետևյալ թեզը. իրականում գազի սակագին ասվածը որոշակի իմաստով միֆ է։ Երբևէ գազի սակագնի փոփոխությունը տեսանելի չի լինի սպառողի համար, եթե պետությունը չցանկանա։
Սա մեկնաբանվում է նրանով, որ ընդամենը կարող է փոխվել գազի կալորիականությունը և օրինակ, եթե սուրճը եփելու էինք 10 րոպեի ընթացքում, կեփենք 12 րոպեում, և կստացվի, որ սակագնի 5 տոկոս նվազեցման դեպում 10 տոկոսով կավելանա համապատասխան սպառման ծավալը»,-պարզաբանել է նա, գրում է Panorama.am-ը:
Պիպոյանի խոսքով՝ սա այն քիչ դեպքերից է, որտեղ հանրային վերահսկողություն կատարելը դժվար է, քանի որ պետք է համապատասխան հանձնաժողովներ ձևավորվեն:
«Իրականում գլոբալ խնդիրը կապված է երկու հնարավոր պատճառի հետ՝ կամ եղանակային, կամ ունեցել ենք գազի կալորիականության հետ կապված որոշակի խնդիրներ։ Համապատասխան իրազեկման աշխատանքներ հանրության հետ չի կատարվել, որպեսզի սխալ ակնկալիքներ չձևավորվեն և չբողոքենք այն բանից, որի համար բողոքելու կարիքը չկա։
Ես սպասում եմ այն տեղեկատվությանը, թե դեկտեմբերի միջին ջերմաստիճանն օրական կտրվածքով որքանով է եղել ավելի տաք հունվարից, քանի որ եթե պարզվի, որ էական ջերմային տարբերություն չունենք, ապա այստեղ արդեն խիստ մտահոգության առիթներ կունենաք։ Կստացվի, մենք փաստացի հունվարին սպառել ենք ավելի շատ, քան դեկտեմբերին, այն դեպքում, երբ եղանակային էական փոփոխություն չի եղել, դրա հետ մեկտեղ էլ ամանորյա պատրաստությունները ավելի շատ դեկտեմբերին են եղել, քան հունվարին»,-ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։
2016-ի նոյեմբերի սկզբին «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ՀՀ-ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով: Արդյունքում գազը սպառողների համար էժանացել է 7.7 դրամով, բացի այդ՝ կստեղծվեն սպառողների նոր խմբեր, որոնց համար սակագինը նորովի կհաշվարկվի։






