Թուրքիայում շարունակվում է խտրականությունը ազգային փոքրամասնությունների, այդ թվում հայերի նկատմամբ: Այդ մասին ասվում է «Հայերն այսօր Թուրքիայում» վերլուծական ակնարկում, որը պատրաստել է Եվրոպայի հայկական ասոցիացիաների համաժողովը` Բեռլինի ազատ համալսարանի փիլիսոփայության դոկտոր Տեսա Հոֆմանի խմբագրությամբ: Ակնարկի հեղինակների կարծիքով, Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները չպետք է սկսվեն, քանի դեռ այդ երկրում ոտնահարվում են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Աղբյուրի համաձայն, Թուրքիայի ոչ մահմեդական բնակչությունը, որը 1914 թվականին կազմել է երկրի բնակչության ընդհանուր թվի 25 տոկոսը, կրճատվել է եւ ներկայումս հասել 0,15 տոկոսի: Դա վերաբերվում է հույներին, ասորիներին, հրեաներին, ինչպես նաեւ հայերին, որոնք կազմում են Թուրքիայի ամենամեծաթիվ ոչ մահմեդական էթնիկ համայնքը` 70 հազար մարդ: Հեղինակների կարծիքով, հայ համայնքը պետք է դառնա լակմուսի թուղթ ազգային փոքրամասնությունների նկատմամաբ պաշտոնական Անկարայի վերաբերմունքի հարցում: