AM
6 March 2017 - 09:41 AMT

ՕՐՕ. Մենաշնորհների վերացում, մրցակցություն, ԱԱՀ կրճատում

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հասարակության դատին է ներկայացնում իր նախընտրական ծրագիրը՝ «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց»: Այս ծրագրի հիմքում դրված է երկու սկզբունք՝ ներառված են ՀՀ քաղաքացիներին հուզող բոլոր կարևորագույն խնդիրները; փոփոխությունների արդյունքները պետք է երևան ոչ թե հեռավոր ապագայում, այլ իրական կյանքում և հիմա։

ՕՐՕ դաշինքը մասնավորապես առաջարկում է.

– Վերացնել արհեստական մենաշնորհների արատավոր համակարգը,

– Ձևավորել մրցակցային դաշտ այն ոլորտներում, որտեղ այսօր իշխում է արհեստական մենաշնորհը,

– Բարենպաստ պայմաններ ստեղծել օտարերկրյա և տեղական ներդրումների համար,

Փոքր՝ մինչև 60 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար տրամադրել հարկային արձակուրդ՝ 5 տարի ժամկետով,

– Աջակցության մեխանիզմներ նոր հիմնվող փոքր բիզնեսի համար:

Ավելացված արժեքի հարկը սահմանել 18 տոկոս:

– Ընդունել հարկային նոր օրենսգիրք՝ ապահովելով տնտեսական նոր որակի հարաբերությունների առաջացումը:

– Իրականացնել տեղական արտադրողին աջակցող դրամավարկային քաղաքականություն:

– Հարկային քաղաքականությունը պետք է իրականացվի ազատականության արևմտյան հայտնի սկզբունքների կիրառմամբ:

– Արմատապես բարելավել մաքսակետերի աշխատանքը, որը պետք է դարձնել տնտեսության զարգացման, առողջացման հենասյուներից մեկը:

– Բիզնես հիմնելը և բիզնեսով զբաղվելը պետք է դիտվեն որպես հայրենասիրության դրսևորման ձև, իսկ պետծառայողների և այլոց կողմից բիզնեսին խոչընդոտելը՝ պետական ծանր հանցագործություն,

– Փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը պետք է համարվի ազգային-ռազմավարական խնդիր:

Պետական գնումների ու ծախսային քաղաքականության հատվածում պետք է կոշտ վերահսկողություն ապահովել և թույլ չտալ «լեգալ» կոռուպցիոն մեխանիզմի գործարկումը:

– Խթանել 250 մլն դրամը գերազանցող, չաշխատող (որոնց գործարկումից այլ հարկային մուտքեր բյուջե չեն կատարվում) ակտիվների` ոչ բնակելի անշարժ գույքի գործարկումը՝ ավելացնելով դրանց հանդեպ գույքահարկը:

– Բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհների ասֆալտե ծածկույթի հանդեպ ներկայացվող պահանջները: Ավելացնելով դրա գինը ընդամենը 3 տոկոսով՝ գործողության ժամկետը հնարավոր է կրկնապատկել,

– ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում Հայաստանը կրկին ընդգրկել «Հազարամյակների մարտահրավեր» տնտեսական ծրագրում։

Ծրագրում նշված է, որ բանակի մարտունակության բարձրացման, արդիականացման և տարածաշրջանում հավասարակշռությունն ապահովելու, ինչպես նաև խաղաղություն պարտադրելու նպատակով անհրաժեշտ է.

Բանակն աստիճանաբար համալրել արհեստավարժ ստորաբաժանումներով, բարձրացնել նրանց աշխատավարձը՝ սկզբնական շրջանում հասցնելով 240 հազար դրամի:

Բարձրացնել սպայական և ենթասպայական կազմի աշխատավարձը:

Ապահովել բանակի անհրաժեշտ ու մրցունակ սպառազինության և նյութատեխնիկական հագեցածության բարձր աստիճան:

Հավասարակշռված արտաքին քաղաքականության արդյունքում խորքային համագործակցություն հաստատել միջազգային ուժային կենտրոնների հետ՝ ապահովելով Հայաստանի անվտանգությունը:

Դաշինքը շեշտում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է խարսխված լինի հետևյալ սկզբունքների վրա` հայաստանակենտրոնություն, անկախություն, ինքնիշխանություն, հավասարակշվածություն, իրատեսություն։

Արցախի հարցում կայուն և երկարատև խաղաղության հաստատման, Արցախի անվտանգության ապահովման համար դաշինքն անհրաժեշտ է համարում.

– Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանել ուժերի հավասարակշռությունը. ուժերի հարաբերակցության խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

– Խրախուսել ժողովրդական դիվանագիտությունը հայերի և ադրբեջանցիների միջև՝ փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար. առանց փոխվստահության մթնոլորտի խոսել այս խնդրի կարգավորման մասին անպտուղ է և անիմաստ:

– Բացառել միակողմանի ցանկացած զիջում։

«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանալին գտնվում է Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում, սակայն վերջնական խոսքը պատկանում է արցախցիներին: Առանց արցախցիների ցանկության հնարավոր չէ հասնել որևէ համաձայնության:

Մեր դաշինքը համոզված է, որ այս խնդրի լուծման առանցքում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, որից հետո՝ Արցախի հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանների ճշգրտումը», – ասված է ծրագրում:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն:

Կարդացեք նաև՝ ՀՅԴ նախընտրական ծրագրում՝ գործազրկության, աղքատության խնդիրները, Արցախի միավորման հարցը

ԵՄ հետ ասոցացում, ՓՄՁ-ների հարկերի թեթևացում ու Մեծ հայրենադարձություն. ԵԼՔ-ի նախընտրական խոստումները

Էնֆիաջյան. «Ծառուկյան» դաշինքը կներկայացնի ստեղծված իրավիճակում փոփոխությունների իր տեսլականը