AM
21 Մարտ 2017 - 06:11 AMT

Նախարարությունը պատասխանում է Լուկաշենկոյին. Բելառուսը բեռի տեղափոխման թույլտվություն էր տվել

Ինքնաթիռի բեռի բնույթի վերաբերյալ ուղեկցվող փաստաթղթում տրվել է համապատասխան տեղեկատվություն բելառուսական ավիացիոն իշխանություններին և ստացվել է թռիչքի թույլտվություն: Այս մասին, արձագանքելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, հայտնել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հաղորդում է Panorama.am-ը:

Մարտի 20-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թեԲելառուսի տարածքով Հայաստանից Բուլղարիա թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել:«Միջադեպը կապված է Բելառուսի տարածքով Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ»,- ասել է Լուկաշենկոն:

Նախարարությունից մանրամասնել են, թե ինչ բեռի մասին է խոսքը.

«Դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 3-ին, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և հիմնական հանգույցների արդիականացման ծրագրի շրջանակներում աշխատանքների հիմնական պատվիրատու «Ռուսատոմսերվիս» ընկերության կողմից ընտրված կապալառու կազմակերպության` խորվաթական «ԽՐԻԴ» ընկերության կողմից, բելառուսական JSC Aircompany Grodno ավիաընկերության օդանավով Հայաստանի Հանրապետություն էին ներկրվել համապատասխան սարքավորումներ՝ ծրագրով նախատեսված շահագործման հսկողության աշխատանքների իրականացման նպատակով:

Աշխատանքների ավարտից հետո նշված սարքավորումները «ԽՐԻԴ» ընկերության կողմից նույն եղանակով տեղափոխել են Հայաստանի Հանրապետությունից:

Բելառուսական JSC Aircompani Grodna ավիաընկերությունը 2017 թվականի մարտի 15-ին հայտ է ներկայացրել Երևան-Գոմել երթուղով թռիչք իրականացնելու համար: Բեռի բնույթի վերաբերյալ ուղեկցվող փաստաթղթում տրվել է համապատասխան տեղեկատվություն բելառուսական ավիացիոն իշխանություններին և ստացվել է թռիչքի թույլտվություն:

Սարքավորումների տեղափոխման գործընթացն իրականացվել է համապատասխան տրանսպորտային ընկերության հետ կնքված պայմանագրերի և փաստաթղթերի հիման վրա միջազգային բոլոր կարգավորող փաստաթղթերով սահմանված կարգով»: