ՀՀ-ում Դաունի ախտանիշով դեպքերն ավելի հաճախակի են դարձել ախտորոշման բարելավման հաշվին: Այդ մասին մարտի 21-ին հայտարարել է Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոի բժիշկ, գենետիկ Գոհար Շահսուվարյանը:
«Դաունի ախտանիշն անկախ պետության զարգացման մակարդակից տարածված է աշխարհում՝ միջինը 1 դեպք է գրանցվում 600-800-ի միջև: Չնայած Դաունի ախտանիշով մարդկանց աճին, աշխահում այդ ախտորոշմամբ երեխաների ծննդի կրճատման միտում է նկատվում»,-ասել է Շահսուվարյանը:
Նա հավելել է, որ Դաունի ախտանիշի ախտորոշմամբ դեպքերի աճը բացատրվում է նրանով, որ կանայք սկսել են ավելի հաճած երեխա ունենալ ավելի մեծ տարիքում, դրան է նպաստում նաև օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը՝ արհեստական բեղմնավորումը, և այլ, գրում է «Նովոստի-Արմենիան»:
«Պտղի մոտ Դաունի ախտանիշի գրանցման հիմնական պատճառը մոր տարիքն է: Ինչ վերաբերում է այդ ախտանիշով ծնվող երեխաների թվի նվազմանը, ապա դա կապված է այն հանգամանքի հետ, որ ախտանիշն արդեն կարելի է ֆիքսել նախածննդյան շրջանում», -հավելել է բժիշկը:
Նա նշել է, որ մինչև 25 տարեկան կանանց մոտ Դաունի ախտանիշով ծնվող երեխաների հավանականությունը 1:1400 է, մինչև 30 տարեկան կանանց համար՝ 1:1000, իսկ 40-ն անց կանանց մոտ՝ 1:19-ին:
«Դեպքերի 10%-ում նշանակություն ունի նաև հոր տարիքը: Վերջին տարիներին նաև ուշադրություն է դարձվում մայրական գծով տատիկին: Այսինքն, երեխայի մոտ Դաունի ախտանիշի զարգացման հավանականությունը կախում ունի նաև այն հանգամնքից, թե որ տարիքում է տատիկը ծննդաբերել պտղի մորը», -ասել է Շահսուվարյանը:
Մոլեկուլյար գենետիկայի լաբորատորիայի ղեկավար Սուսաննա Միդյանն իր հերթին ասել է, որ լաբորատորիայում ամեն տարի Դաունի ախտանիշի 20-25 դեպք է գրանցվում: «Սակայն, դա միայն մեր լաբորատորիայի տվյալներն են: Ցուցանիշը համապատասխանում է աշխարհի ցուցանիշներին»,-ասել է Միդյանը:
Մարտի 21-ին նշվում է Դաունի ախտանիշով մարդկանց միջազգային օրը: Այն նշվում է 2005-ից սկսած: Ամսաթիվը պատահաբար չի ընդունվել՝ դա Դաունի ախտանիշի խորհրդանիշն է, քանի որ հիվանդույթունն ախտորոշվում է ըստ 21-րդ քրոմոսոմի առկայության 3 պատճենով: Փոխակերպելով «օրացույցի լեզվին», ստացել են երրորդ ամսվա 21-ը:






