AM
30 March 2017 - 12:28 AMT

Կանադացի կոմպոզիտորը օպերա է գրել Գրիգոր Լուսավորչի մասին

Ապրիլի սկզբին Երևանում կներկայացվի նոր «Լուսավորիչ» օպերան, որի հեղինակն է հայտնի կանադացի կոմպոզիտոր Ռոն Հաննահը: Օպերան նվիրված է Սբ Գրիգոր Լուսավորչին և անդրադառնում է Խոր Վիրապում անցկացրած տարիներին:

«Ինձ շատ է դուրս գալիս Խաչատրյանի երաժշտությունը, բայց չեմ ուզում, որ իմ երաժշտությունը նրա նմանակումը լինի: Ես երաժշտություն եմ գրել Խոր Վիրապում Սբ Գրիգոր Լուսավորչի անցկացրած տարիների մասին հրաշալի լիբրետոյի համար», -հայտարարել է Հաննահը լրագրողներին Երևանում:

Կոմպոզիտորը խոստովանել է, որ իր համար ոգեշնչման աղբյուր է եղել ավանդական հայկական երաժշտությունը, որը նրա մեկնաբանությամբ միահյուսվում է տարբեր երաժշտական մոտիվների հետ: «Ես անդրադարձել եմ 4 հայկական երգի: Այն տեսարանում,երբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլքներ է ունենում կռունկների տեսքով, լսվում են «Կռունկ, ուստի գուքաս» երգի մոտիվները: Ես օգտագործել եմ նաև «Կիլիկիայի», «Բերքի երգի», ինչպես նաև օրորոցայինի մոտիվներ»,-ասել է նա, հայտնում է Նովոստի Արմենիան:

«Լուսավորիչ» օպերան ՀՀ մշակույթի նախարարության և «Աջակցություն մշակութային կրթությանը» հիմնադրամի համատեղ նախագիծն է: Այն նվիրված է Կանադայի և Ավստրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա տարեդարձին:

Օպերային մասնակցում են նաև երեխաներ և պատանիներ՝ մոտ 70 հոգի , որոնք ընտրվել են մրցույթով ՀՀ տարբեր մարզերում: