AM
2 April 2017 - 07:14 AMT

Հատուկ սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի բիոմետրիկ անձնագրի տվյալները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քվեարկեց ԱԺ ընտրություններին:

Ընտրություններում գրանցվելու համար օգտագործվող սարքը չճանաչեց Սարգսյանի կենսաչափական անձնագրի տվյալները, ինչից հետո նախագահը տվեց հանձնաժողովի անդամին սովորական անձնագիրը:

Դժվարություններ եղան նաև մատնահետքը նույնականացնելու հարցում. դա հաջողվեց անել մի քանի փորձից հետո միայն:

Լրագրողների հետ կարճ շփման ընթացքում նախագահը հայտարարեց, թե քվեարկելու ժամանակ մտածել է այն մասին, որ խաղաղությունից թանկ բան չկա, ու «ամեն ինչ անելու ենք, որ մեր սահմաններին հանդարտություն լինի, ու այդ սահմանները լինեն անձեռնմխելի»:

Պատասխանելով ՀՀԿ շանսերի վերաբերյալ հարցին՝ նախագահն ասաց, որ շանսեր գնահատելու ժամանակը չէ, այլ՝ քվեներ հավաքելու:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք – 1, ԱԴ – 2, ՀՎԿ – 3, «Ծառուկյան» դաշինք – 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք – 5, ՀՀԿ – 6, ՀԿԿ – 7, ՕՐՕ – 8, ՀՅԴ – 9:

Ընտրությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին հետևեք այստեղ: