AM
2 April 2017 - 12:36 AMT

Վանաձորում ընտրատեղամասից հեռացրել են ԵԼՔ-ի վստահված անձին

Վանաձորի թիվ 23/36 տեղամասում հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հեռացվել է ԵԼՔ դաշինքի վստահված անձը: Այդ մասին Վանաձորից տեղեկացրել է ԵԼՔ դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Պահանջում ենք, որ մեզ տան քվեարկության մասին արձանագրություն և, թե ինչու է նա հեռացվել, բայց մեզ արձանագրություն չեն տալիս», – նշել է նա։

Էդմոն Մարուքյանն ընդգծել է՝ որոշել են քվեարկությամբ հեռացնել, բայց չեն կարողանում պատճառաբանել: «Մեր վստահված անձը հայտնաբերել է խախտումներ, և նրանք շատ են անհանգստացել դրանից, բացակա անձանց դիմաց կետեր են դրված եղել մատյանում, և նա պահանջել է կազմել արձանագրություն, որին հետևել է հանձնաժողովի քվեարկությունը՝ նրան ընտրական տեղամասից հեռացնելու մասին: Մենք նոր վստահված անձ ենք այստեղ ներկայացրել, սակայն նախորդ վստահված անձի հեռացման որոշումը մեզ վախենում են հանձնել: Կարծում եմ՝ անգամ այս իրավիճակում ելք կա, և բոլոր պատասխանատուները պատժվելու են», – նշել է Մարուքյանը։

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ 33,46%-ը:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիները խորհրդարան են ընտրում: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք – 1, ԱԴ – 2, ՀՎԿ – 3, «Ծառուկյան» դաշինք – 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք – 5, ՀՀԿ – 6, ՀԿԿ – 7, ՕՐՕ – 8, ՀՅԴ – 9: