AM
3 April 2017 - 11:58 AMT

ՀՀ նախագահ. Չափազանց կարևոր է, որ ընտրությունները վստահություն ներշնչեն երկրի քաղաքացիներին

Հայաստանն անցում է կատարում կառավարման նոր համակարգի, և չափազանց կարևոր է, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն իրենց որակով վստահություն ներշնչեն երկրի քաղաքացիներին ու բոլոր գործընկերներին: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդունելով ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի գլխավորությամբ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու նպատակով իրականացվել է նախապատրաստական շատ մեծ աշխատանք՝ քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի, գործընկեր կազմակերպությունների և կառույցների աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ:

Նախագահը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ դիտորդների մասնագիտական կազմը ընտրությունների արդյունքների վերաբերյալ կներկայացնի հավասարակշռված, անաչառ ամփոփիչ հաշվետվություն, կհնչեցնի իր գնահատականները, դիտարկումներն ու խորհրդատվությունները, որոնք կնպաստեն Հայաստանում ընտրական գործընթացների շարունակական կատարելագործմանը:

Սերգեյ Լեբեդևը շնորհակալություն է հայտնել իր գլխավորած առաքելությանը հրավիրելու համար: Նա ընդգծել է, որ բավականին լուրջ մոտեցում է ցուցաբերվել դիտորդական առաքելության ձևավորմանը՝ կազմում ընդգրկելով ԱՊՀ 8 երկրից 172 ներկայացուցիչ: Առաքելությունը, որը մարտի 14-ից Հայաստանում է, նրա հավաստմամբ, եղել է բոլոր մարզերում և իր մասնագիտական աշխատանքն իրականացնելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ու ընտրական գործընթացների համար պատասխանատու բոլոր կառույցներից և կազմակերպություններից ստացել է անհրաժեշտ աջակցություն, ինչի արդյունքում կարողացել է ձևավորել գործընթացի վերաբերյալ բավականին լայն և օբյեկտիվ պատկեր:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը գոհունակությամբ է փաստել ընտրություններին տեղական մեծաքանակ դիտորդների մասնակցությունը, որը, նրա խոսքով, աննախադեպ է, հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը:

Ընթերցեք նաև. ԱՊՀ դիտորդներ. Նորամուծությունները դարձրեցին ընտրական գործընթացն ավելի բաց ու թափանցիկ