Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:
Հանդիպմանը ներկայացվել և քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքը ՀՀ ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում: Մասնավորապես, ներկայացվել են հատուկ այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության սկզբունքներն ու առաջնահերթությունները: Խոսվել է նաև արձանագրված բողոքների, ուսումնասիրված հրապարակումների ու դրանցով բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:
ԵԽ գլխավոր քարտուղարին են ներկայացվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի նոր կարգավորումները, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության և պետական մարմինների հետ աշխատանքին: Խոսվել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, տնտեսական իրավունքների, զինծառայողների, երեխաների իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ուղղությունների մասին:
Ներկայացվել են նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Չինարի գյուղի գնդակոծությունը հաստատող փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Հանդիպման ընթացքում Թաթոյանը բարձրացրել է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ու եվրոպական կառույցների և առաջին հերթին՝ Եվրոպայի խորհրդի համար դրա վտանգավոր դրսևորումների հարցը: Միջազգային փորձագետների, այդ թվում՝ Եվրամիության պատգամավորների ու լրագրողների նկատմամբ հետապնդում իրականացնելով՝ Ադրբեջանը չի կարող որևէ արդյունքի հասնել, իսկ մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունները պետք է ակտիվ ներգրավվածություն ունենան Արցախում:
Թաթոյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կատարած աշխատանքը, այդ թվում՝ նրա հրապարակած զեկույցները: Խոսվել է նաև Ռուբեն Մելիքյանի կատարած փաստահավաք աշխատանքների մասին, որոնք բխում են միջազգայնորեն սահմանված սկզբունքներից: Դրանով հանդերձ, կարևորվել է նրա մասնակցությունը միջազգային ծրագրերին ու հանդիպումներին:
Թորբյորն Յագլանդը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն ու աշխատանքը նշված ոլորտում Հայաստանում եվրոպական չափանիշների ներդրման հարցում:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և միջոցներ ձեռնարկել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու ուղղությամբ:
Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը:






