AM
7 April 2017 - 06:17 AMT

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը

ՀՀԿ-ն, նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով, միաձայն որոշել է՝ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը: Այս մասին ապրիլի 6-ի երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նաև տեղեկացրել է, որ համամասնական ցուցակի երկրորդ համարում միջազգային գրոյսմաստեր Սմբատ Լպուտյանն է, երրորդում՝ Հովիկ Մուսայելյանը:

«Մենք կարծում ենք, որ այս տարիների ընթացքում Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևանում եղել են շատ լուրջ բարեփոխումներ։ Կուսակցությունը լիահույս է, որ հաջողության դեպքում Երևանի ավագանին Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կշարունակի այն բարեփոխումները, որոնք նախաձեռնել է տարիներ առաջ», – նշել է Շարմազանովը, հաղորդում է Հանրային հեռուստատընկերությունը:

Նա նաև նշել է, որ 100 անուն ներառող ցուցակում մեծ փոփոխություններ չկան, բայց կան նոր դեմքեր մշակույթի, սպորտի, գիտության ոլորտից:

«Մեր Երևան քաղաքի հանրապետական թիմն ամբողջությամբ ընդգրկված է համամասնական ցուցակում, գործող ավագանիների մեծ մասը նույնպես: Մենք գնում ենք շարունակականության ճանապարհով, պատրաստ ենք ազատ, արդար մրցապայքարի, պատրաստ ենք ներկայացնել ծրագրային դրույթներ, ինչպես նաև իրականացված աշխատանք, քանի որ այդ աշխատանքը Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այս տարիների ընթացքում բավականին տպավորիչ է եղել»,- ասել է Շարմազանովը:

Տարոն Անդրանիկի Մարգարյանը Երևանի 11-րդ քաղաքապետն է և այս պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականի նոյեմբերի 15-ից ի վեր: Մինչև այդ 2001-2003թթ.-ին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ բաժնի պետ։ 2003 թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ։ 2005 թ.-ին՝ 27 տարեկանում, ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար, 2008-ին վերընտրվել է նույն պաշտոնում: Նրա պաշտոնավարման տարիներին Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք: 2009 թվականին ընտրվել է Երևանի ավագանու անդամ, ապա նույն տարում ընտրվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ: