AM
8 April 2017 - 09:26 AMT

Պուլիցերյան լուսանկարներ

Ռոն Օլշվանգերը (Ron Olshwanger) պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէր, նա կահույք էր վաճառում, սակայն 1989-ին նրա լուսանկարն արժանացավ Պուլիցերյան մրցանակի որպես թեժ կետում արված լրատվական լուսանկար: Օլշվանգերի լուսանկարում հրշեջ Ադան Լոնգն է պատկերված Սենտ Լուիսից, որն արհեստական շնչառություն է տալիս այրվող տնից դուրս բերած 2-ամյա Պատրիցիային:

Ռոնը ոստիկանական սկաներ ուներ, նրան միշտ դուր էր գալիս հրդեհներ լուսանկարել: Նա պատահարի վայր էր ժամանել անգիտակից Պատրիցիային այրվող տնից հանելուց մի քանի րոպե առաջ:

Օլշվանգերի լուսանկարը 200 դոլարով գնեց St Louis Post-Dispatch թերթը՝ տպագրելով այն առաջին էջում: Հրշեջ Լոնգին պարգևատրեցին Պատվո մեդալով, իսկ Ռոնը Պուլիցերյան մրցանակի արժանացավ: Օլշվանգերը մրցանակի ամբողջ գումարը հանձնեց Պատրիցիայի մորն ու քրոջը:

Սակայն այս պատմությունը երջանիկ ավարտ չունեցավ՝ 6 օր անց Պատրիցիան մահացավ հրդեհի ժամանակ ստացած բարդություններից:

Սակայն փոքրիկ Պատրիցիայի լուսանկարը ծառայեց մեկ այլ կարևոր նպատակի՝ լուսանկարը ստիպեց մարդկանց ծխի հայտնաբերման սարքեր տեղադրել տներում:

Ընթերցեք նաև. Պուլիցերյան լուսանկարներ. Տարհանման սանդուղքի փլուզում