AM
13 Ապրիլ 2017 - 10:46 AMT

Հակառակորդի կրակահերթից Այգեհովիտում ոչնչացված խաղողի այգիներից վնասը՝ 10.270.000 դրամ

Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ հակառակորդի կողմից Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով գյուղացիների խաղողի այգիները ոչնչացնելու դեպքի առթիվ:

Մարտի 22-ին Հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքին սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել Այգեհովիտ համայնքի ուղղությամբ:

Արձակված կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել «Ուռի հողեր» կոչվող հանդամասում, և այրվել ու ոչնչացվել են նույն համայնքի մոտ 4 տասնյակ բնակչի խաղողի այգիները՝ մոտ 20.72 հա։ Գյուղացիներին պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է 10.270.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ապրիլի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում: Կատարվում է նախաքննություն։