Պետությունը շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել սպայական մասնագիտությունն ընտրած իր քաղաքացիների համար, շարունակելու է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած կամ ծառայության արդյունքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների և նրանց ընտանիքների հանդեպ հատուկ հոգատարություն ցուցաբերելու իր քաղաքականությունը: Այդ մասին «Ազգ-բանակ-2017» համաժողովի բացմանը հայտարարել է է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին: Այն համատեղ կազմակերպել են պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունները:
«Արդեն հանձնարարել եմ պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի և այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը», – հայտարարել է Սերժ Սարգսյանը։
Նախագահը հանձնարարել է նաև անհապաղ ուսումնասիրել և լուծում տալ սեփականաշնորհման ենթակա՝ պաշտպանության նախարարության այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որը զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած զինծառայողները:
«Պատասխանատվությունը վերացական և վերամբարձ հասկացություն չէ: Պատասխանատու է այն մարդը, ով ունի գոնե իր սեփական անկյունը: Եթե անգամ չունի, վստահ է, որ իր ազնիվ աշխատանքով այդ անկյունը վաստակելու է: Այդ մարդը ոչ միայն ստեղծելու է իր անկյունը, այլև ընդլայնելու է այն, դարձնելու է իր ընտանեկան օջախը: Այդ բնակարանում, այդ միջավայրում նա դաստիարակելու է իր զավակներին, ովքեր տոգորվելու են այդ նույն սեփականատիրոջ զգացումով»,-ասել է նախագահը:
Համաժողովի շրջանակում Մարզահամերգային համալիրի տարածքում, ապրիլի 21-23-ը կգործի ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ կծանոթացնեն իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած հաջողություններին և կրթական ծրագրերին: Առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված են սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ:
Ընթերցեք նաև. Ուսանողներին կառաջարկեն 3 տարով սպայական ծառայություն՝ 260.000 դրամ աշխատավարձով






