Միացյալ Նահանգները զբաղված են Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում իրենց գործողությունների ռազմավարության մշակմամբ, գրում է գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթը: Ուժեղացնելով իր ներկայությունը նավթով եւ գազով հարուստ Կասպիի տարածաշրջանում` ԱՄՆ-ն առաջին հերթին ձգտում է նվազեցնել իր կախվածությունը արաբական երկրներից, որոնք էներգապաշարների ներկայիս հիմնական մատակարարն են Արեւմուտքի համար: Մյուս կողմից` Վաշինգտոնը երկյուղ է կրում իրավիճակի հնարավոր ապակայունացումից Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում, որտեղ գերակշռում է մահմեդական բնակչությունը, եւ աճում է արմատական իսլամականների ազդեցությունը: Թերթի վերլուծաբանները գտնում են, որ Միացյալ Նահանգների մեծ հաջողությունը կարելի է համարել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարության սկիզբը, որը հնարավորություն կընձեռի նավթն Ադրբեջանից փոխադրել Թուրքիա` Ռուսաստանը շրջանցելով: Իսկ Մոսկվան, ասվում է հոդվածում, ստիպված է համակերպվել իր հարավային սահմաններում ԱՄՆ-ի աճող ներկայության հետ, որոշակի արտոնությունների տրամադրման դիմաց: Մասնավորապես, Վաշինգտոնը չի խոչընդոտում Ռուսաստանի ձգտմանը էներգապաշարների շուկայում իր արտահանման բաժինն ավելացնելու հարցում: Կորցնելով նոր նավթատարի շինարարության արդյունքում նախկին խորհրդային հանրապետությունների տարածքով նավթի արտահանման նկատմամբ տնտեսական եւ քաղաքական վերահսկողությունը` Մոսկվան փորձում է ամրապնդել իր դիրքերը եվրոպական էներգետիկ շուկայում: