Երևանում մայիսի 5-6-ը «Երևանի գինու օրեր» միջոցառմանը կմասնակցի Հայաստանի և Արցախի ավելի քան 20 գինեգործական ընկերություն:
Երկու օր շարունակ, 19:00 – 23:00-ը, Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածում, հատուկ տաղավարներ կտեղադրվեն տեղի արտադրողների արտադրանքով և երևանյան ռեստորանների խոհարարների լավագույն ուտեստներով:
Առաջին օրը տեղի կունենա սպիտակ և վարդագույն գինու համտես քաղաքի լավագույն ռեստորանների հատուկ ճաշատեսակով՝ Tapastan, Voskevaz Winery, Hanz&Franz, Salon Armenian, Santa Familia, In Vino, Beer&Wine և այլ: Երկրորդ օրը նվիրված կլինի կարմիր գինու համտեսին, նույնպես հատուկ ճաշատեսակով: Փառատոնի երաժշտական մասը կապահովեն հայտնի հայ ջազմեններ, փոփ-երաժիշտներ և դիջեյներ։ Ծրագրում են հայկական ժողովրդական երգեր ու պարեր:
«Երևանի գինու օրերի» միջոցառման պատվավոր հյուրերն են լինելու Միջազգային էնոգաստրոնոմիայի կենտրոնի նախագահ, Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի փոխնախագահ, ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշջության կազմակերպության Գաստրոնոմիկ տուրիզմի փորձագետների խորհրդի անդամ Լեոնիդ Գիլեպտերմանը, ինչպես նաև հանրաճանաչ շեֆ-խոհարար Դանիայից ու միջազգային գինեգետներ: Ներկա կլինեն նաև ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Միջոցառման նպատակն է խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը:
Ընթերցեք նաև. Euromag-ը՝ Երևանում Գինու օրերի մասին. Սարյան փողոցը 2 երեկո փակ կլինի գինու համտեսի համար






