Մեկնարկել է Հայաստանի հյուսիսում Լոռու մարզի Օձուն գյուղի VI դ. Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման նոր փուլը:
Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի կողմից հաստատված նախագծի համաձայն: Տաճարի վերածննդի նախաձեռնությունը պատկանում է ֆինանսավորման կազմակերպիչ Մովսես Ձավարյանին:
Նախատեսված է վերականգնել եկեղեցու արտաքին բաց սրահների բոլոր 18 կամարը, որոնք քանդվել էին անցած դարի 90-ական թվականներին, սալարկել սրահների հատակները, վերականգնել պատերը և քիվերը:
Բոլոր պատուհաններին կտեղադրվեն նոր փայտե շրջանակներ և քարե լուսամուտագոգեր՝ պատրաստված հնագույն նախատիպերի օրինակով: Վերականգնողները ձեռք են բերել ներարկման արդյունավետ նյութեր` ներթափանցման և ամրացման բացառիկ հատկություններով, որոնց միջոցով, առանց մեխանիկական միջամտության, պատերը կամրացվեն ներսի դատարկությունները ներարկելու և երեսպատման քարերի կարանները լցնելու շնորհիվ:
Տաճարի շուրջը նախատեսվում է կառուցել ջրահավաքման և ջրահեռացման համակարգ: Այս աշխատանքները կիրականացվեն նոր նախագծի համաձայն, որը մշակվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից:
Օձունի Սբ. Աստվածածնի վերականգնման նախորդ՝ առավել մասշտաբային փուլն ընթացել է երեք տարի և հաջողությամբ ավարտվել 2014 թ.: Վերականգնվեց գմբեթն իր նախնական տեսքով և խաչով հանդերձ, հիմնովին ամրացվեցին պատերը: Այս աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերվեցին VI դ. զարդանախշերի դրվագներ և կղմինդրի նմուշեր: Մասնագետների կարծիքով, վաղմիջնադարյան հայոց ճարտարապետության գլուխգործոցն այսպիսով փրկվեց հնարավոր ավերումից: