Մայիսի 12-14-ը Հայաստանում անցնում է Երևանի նորաձևության շաբաթը Golden Lace (Ոսկե ժանյակ) խորագրով:
Նորաձևության երևանյան շաբաթը բացեց ռուսական նորաձևության լեգենդ Վյաչեսլավ Զայցևը, որը, ինչպես հայտնեց Ռուսաստանի ոսկերիչների գիլդիայի խորհրդի նախագահ և Երևանում նորաձևության շաբաթը նախաձեռնող Գագիկ Գևորգյանը, ներկայացրեց հատուկ այս առիթի համար ստեղծած հավաքածուն:
PanARMENIAN.Net –ը զրուցել է AFD-International fashion day նորաձևության ընկերակցության հիմնադիր և Երևանում միջոցառման կազմակերպիչ Նաիրա Նիազյանի հետ: Նրա խոսքերով՝ Երևանի նորաձևության շաբաթը շարունակական բնույթ է կրելու. «Սկիզբը, կարծում եմ, վատ չէր տրված շարունակելու համար»:
Առաջին անգամ Yerevan Fashion Week. Golden Lace-ն անցկացվել է Հայաստանում 2014-ի հոկտեմբերի 24-26-ը:

Կազմակերպիչը նաև նշել է, որ աշնանը նախատեսվում է լիարժեք նորաձևության շաբաթ՝ 7 օր տևողությամբ:
«Աշնանը՝ սեպտեմբերի վերջում և հոկտեմբերի սկզբում, ինչպես ամբողջ աշխարհում է, կունենանք բարձր մակարդակով նորաձևության շաբաթ: Ավելի շատ դիզայներներ հնարավորություն կունենան այս հարթակում ներկայանալու, աշխատելու ենք հայ դիզայներների հետ, նաև սկսնակների»,- պատմեց Նաիրան՝ հավելելով, որ այս անգամ Golden Lace-ի շրջանակներում ևս մի շարք սկսնակ դիզայներների հնարավորություն է ընձեռվել ներկայացնել և վաճառել իրենց արտադրանքը:
«Բացի այդ, Ռուսաստանում իմ կազմակերպած AFD-International fashion day-ին ես նույնպես ամեն տարի հրավիրում եմ Հայաստանից մեկ հայտնի և մեկ սկսնակ դիզայների՝ ընձեռելով հնարավորություն մասնակցելու ցուցադրությանն ու ներկայանալու Մոսկվայում»,- նշեց կազմակերպիչը՝ ավելացնելով, որ առաջիկա ցուցադրության արդյունքներով ևս կարող է ընտրել որևէ հայ դիզայների Մոսկվայում ներկայանալու համար:

Խոսելով ցուցադրությանը մասնակցող հայ և ռուս մոդելների մասին, Նաիրան նշեց, որ թեև Վյաչեսլավ Զայցևը ժամանել էր մոդելների իր պրոֆեսիոնալ թիմի հետ, հայ մոդելները ոչնչով չէին զիջում նրանց և կարճ ժամանակում կարողացան ներկայանալ բարձր մակարդակով:
Նաիրա Նիազյանը նաև նշեց, որ կատարվել է մի քանի ամիսների ծանր աշխատանք, խնդրելով՝ գնահատել այն. «Քննադատել դեռ կհասցնենք: Հուսով եմ, որ կհանդիպենք աշնանային նորաձևության շաբաթվա շրջանակում»:

Միջոցառման առաջին օրն իրենց հավաքածուներն էին ներկայացրել ռուսական նորաձևության լեգենդ Վյաչեսլավ Զայցևը, հայ դիզայներներ Գևորգ Շադոյանը և Լիանա Սարգսյանը:
Միջոցառմանը ներկա էր առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, բազում հայտնիներ:
Երևանի նորաձևության շաբաթն անցնում է «Մերիդիան» էքսպո-կենտրոնի ցուցասրահում: Մայիսի 12-14-ն իրենց հավաքածուները կցուցադրեն մոդելավորողներ Հայաստանից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Լիբանանից: Նրանց թվում են Գևորգ Շադոյանը, Նարինե Հարությունյանը, Լիանա Սարգսյանը, Սվետլանա Եվստիգնեևան, Անահիտ Նովսիսյանը, Սվետլանա Հակոբյանը, Վարանտ Լամալինը, ինչպես նաև Hayari Couture Paris բրենդը: Նորաձևության հավաքածուներից բացի, ներկայացվում են նաև տարբեր բրենդերի ոսկերչական զարդեր: