AM
15 May 2017 - 09:23 AMT

Մուկուչյանը մեկնաբանել է ավագանու ընտրություններում մասնակցության ցածր ցուցանիշը

Երևանի ավագանու ընտրություններում մասնակցությունը քիչ է եղել, քանի որ մասնակցում էր ընդամենը երեք քաղաքական ուժ: Նման տեսակետ է հայտնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Ամբողջ խնդիրը նրանում է, որ ընտրություններին մասնակցում էր ընդամենը երեք քաղաքական ուժ, ինչն, իհարկե, իր ազդեցությունը կարող էր ունենալ մասնակցության թվի վրա»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Մայիսի 14-ին կայացած ավագանու ընտրությունների քվեարկության մասնակցությունը կազմել է 40.99 տոկոս:

Մուկուչյանը նշել է, որ բազմաթիվ քաղաքացիներ, ըստ էության, գնում են ընտրական տեղամաս բացառապես ելնելով այն հանգամանքից, թե որքանով են վերջիններս ուզում իրենց կողմ քվեն տալ այս կամ այն կուսակցությանը:

«Կարծում եմ՝ այդ գործոնը ևս ունեցավ որոշակի ազդեցություն մասնակցության թվի հետ կապված: Իսկ հիասթափություն չեմ տեսնում: Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպես իրացնի իր ընտրական իրավունքը: Եթե մարդ որոշում է, որ իր ընտրական իրավունքը պետք է իրացնի ընտություններին չմասնակցելով, դա վերջինիս իրավունքն է»,- նշել է ԿԸՀ նախագահը:

Նախնական արդյունքների համաձայն, ընտրություններին մասնակցած ուժերից «Ելք»-ը ստացել է 21%, «Երկիր Ծիրանի»՝ 7,75%, ՀՀԿ՝ 71.25%:Վերջնական արդյունքները կամփոփվեն քվեարկության 7-րդ օրը:

«Մինչև ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփում կա ժամկետ, որը նախատեսված է դիմում-բողոքներ ներկայացնելու, գրանցամատյաններում արված գրառումներն ուսումնասիրելու, դրանցով համապատասխան որոշումներ կայացնելու համար: Երբ վերջնական արդյունքների արձանագրությունը կկազմվի, այդ ժամանակ արդեն համապատասխանաբար մանդատների բաշխումը կիրականացվի»,- նշեց նա՝ հավելելով, որ մանդատների բաշխման բանաձևը հեշտ է՝ ավագանու 65 մանդատը բաժանվելու է երեք քաղաքական ուժի միջև՝ նրանց ստացած ձայներին համամասնական:

Կարդացեք նաև՝Քանի մանդատ կստանան Երևանի ավագանի անցած քաղաքական ուժերը. Նախնական տվյալները