AM
15 May 2017 - 09:40 AMT

ԵԼՔ-ն ընդունել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները

ԵԼՔ դաշինքն ընդունել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները: Դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 15-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում:

«Մենք արձանագրում ենք, որ ընտրությունների արդյունքները ձևավորվել են քվեարկությանը մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում և ԵԼՔ դաշինքին հաջողվել է պահել իր օգտին քվեարկած յուրաքանչյուր անձի քվեն»,- ասել է նա՝ ընթերցելով դաշինքի հայտարարությունը:

Ավագանու ընտրություններում դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ ինքնաբացարկ է ներկայացնելու և աշխատելու է Ազգային ժողովում:

«Մյուս մեր թեկնածուների կողմից ինքնաբացարկի մասին մենք տեղեկություններ չունենք: Ես չեմ կարծում, որ կլինեն ինքնաբացարկներ, որովհետև ընտրությունների արդյունքներով Երևանի ավագանու անդամ ընտրված մեր թեկնածուները ակտիվ մասնակցություն են ունեցել քարոզարշավին: Երևանի ավագանիում «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավարի և քարտուղարի հարց դեռ չենք քննարկել: Կքննարկենք, կասենք»,- ասել է նա՝ հավելելով, որ ընտրություններում ԵԼՔ դաշինքն ավելի քան 1000 ի ձայն ավել է ստացել, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ Երևանից ստացած ձայներն էին:

«Մենք ունենք վստահության կայուն հենարան Երևանում և ընդհանրապես Հայաստանում, և մեր խնդիրն է մեր համակիրների թիվը բազմապատկել: Մեր քաղաքական գործունեությունը դրան է միտված լինելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նախնական արդյունքների համաձայն, ընտրություններին մասնակցած ուժերից «Ելք»-ը ստացել է 21%, «Երկիր Ծիրանի»՝ 7,75%, ՀՀԿ՝ 71.25%:Վերջնական արդյունքները կամփոփվեն քվեարկության 7-րդ օրը: