Մայիսի 19-ին և 20-ին «նոր ալիքի» ռուսական ամենավառ ֆոլք խմբերից մեկը՝ Lost Temple Brothers-ը, համերգներով հանդես կգա Դիլիջանում։
«Մենք պատրաստվում ենք ներկայացնել իռլանդական երաժշտություն՝ իր տարբեր դրսևորումներով և խոստանում ենք բազում դրական էմոցիաներ փոխանցել հանդիսատեսին: Մեր համերգային ծրագրում կլինեն ավանդական իռլանդական երաժշտության կոմպոզիցիաներ՝ ժամանակակից կատարմամբ․ մաժորային և մինորային ջիգեր և ռիլեր, որոնք պարելու ցանկություն են առաջացնում ինչպես նաև անկեղծ զրույցի տրամադրող, կլանող գործիքային բալադներ»,- ասել է Lost Temple Brothers ֆոլք-խմբի համահիմնադիր Ստանիսլավ Դվորեցը Հայաստան այցի նախօրեին, հայտնում է Dilijan Community Center-ի մամուլի ծառայությունը։
«Մենք հույս ունենք, որ Lost Temple Brothers-ի համերգներին ներկա կգտնվեն ոչ միայն Դիլիջանի բնակիչները, այլև բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Համոզված ենք, որ նրանք մեծ բավականություն կստանան որակյալ երաժշտությունից և կատարման յուրահատուկ ոճից: Կարևոր է այն հանգամանքը, որ մուտքը համերգներին կլինի ազատ»,-նշել է Dilijan Community Center-ի տնօրեն Վասիլի Բարդադիմովը, որն իրականացնում է Lost Temple Brothers-ի է հայաստանյան հյուրախաղերի կազմակերպչական աշխատանքները։
Ստանիսլավ և Ալեքսանդր Դվորեց եղբայրների ստեղծած Lost Temple Brothers խումբը մի կողմից պահպանում է իռլանդական երաժշտության ավանդական ակուստիկ հնչողությունը, մյուս կողմից իր մեջ կրում է ինդի-ռոքի էներգիան։ Խումբն ունի չորս անդամ, ովքեր ընդհանուր առմամբ նվագում են յոթ գործիք․ Ստանիսլավ Դվորեցը՝ բանջո, մանդոլինա, ֆլեյտա, պարկապզուկ, Ալեքսանդր Դվորեցը՝ ակուստիկ կիթառ, Վարվառա Տիտովան՝ ջութակ, և Արտյոմ Կիրեևը՝ իռլանդական ակորդեոն։