Երաժիշտ և գործարար Վլադիմիր Ավետիսյանը և D’Black Blues Orchestra-ն Հայաստանի առաջին Հանրապետության 99-ամյակի առթիվ Երևանում կներկայացնեն բլյուզային շոու:
Համերգը կկայանա հունիսի 3-ին, 18:00-ին, Հանրապետության հրապարակում:
Վլադիմիր Ավետիսյանը և D’Black Blues Orchestra-ն պատրաստել են ծրագիր, որում ներառված են բյուզի համաշխարհային ժառանգության առավել հայտնի ստեղծագործությունները: Հենց Երևանու՛մ տեղի կունենա The Anthology of Blues-ի շոուի պրեմիերան:
Խմբի հետ միասին երևանյան բեմում հանդես կգա ամերիկացի բլյուզ երգիչ Մոնիկա Գրինը (Monica Green): D'Black Blues Orchestra խմբի կազմում հանդես կգան երաժիշտներ Իսպանիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից:
D'Black Blues Orchestra խումբը Հայաստանում հայտնի է ավելի վաղ Երևանում և Դիլիջանում ունեցած համերգներից (Վլադիմիր Ավետիսյանը հանդիսանում է UWC Դիլիջան միջազգային քոլեջի հիմնադիրներից մեկը):
Տեղի մանկական երգչախումբը մեծ բեմերում միշտ կատարում է D'Black Blues Orchestra խմբի երգերից մեկը՝ այդպիսին է կոլեկտիվի հյուրախաղային ավանդույթը:
«Հայաստան՝ յուրաքանչյուր այց մեզ համար կարևոր է և հուզումնալից: Երաժշտությունն այդպես հասկացող ու ընկալող հանդիսատես որևէ այլ տեղ չկա, մեզ այստեղ միշտ ջերմորեն են ընդունում: Իսկ Հանրապետության հրապարակում կայանալիք համերգը՝ առանձնահատուկ է լինելու: Այդ շոուն կլինի տոնի առթիվ մեր նվերը բոլոր երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Համերգին կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները»,-ասում է Ավետիսյանը:
D’Black Blues Orchestra խմբի կատարմամբ՝ դասական բլյուզը ստանում է բոլորովին նոր, երբեմն էլ՝ անսովոր հնչողություն: Այսպես՝ The Anthology of Blues շոուին երևանյան հանդիսատեսը կլսի դուդուկ:
D'Black Blues Orchestra-ն միջազգային բլյուզ նախագիծ է: Խմբի լիդերը ռուս երաժիշտ, գործարար և բարերար Վլադիմիր Ավետիսյանն է: D'Black Blues Orchestra-ն համերգային շրջագայություններով հանդես է եկել Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Չինաստանում, Ուկրաինայում, Սկանդինավյան և Բալթյան երկրներում: Սևաստոպոլի Նախիմով հրապարակում խմբի համերգին ներկա է եղել 20 հազար հանդիսատես:
D'Black Blues նվագախմբի հյուրախաղերի ժամանակ Լոնդոնում բլյուզի լեգենդ Էրիկ Կլեպտոնը ի նշան երախտիքի՝ Վլադիմիր Ավետիսյանին նվիրաբերել է իր կիթառը: