AM
9 June 2017 - 12:48 AMT

Սվիտալսկի. ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումները ԵՄ առաջնահերթություններից են

Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ հանդիպմանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել կառույցի ղեկավարին Հայաստանում իրականացվող կարևոր ծրագրերին օժանդակելու համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական, արդյունքը՝ շոշափելի:

Դեսպանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ամրապնդմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացումն ու ԵՄ աջակցությունը հայտնել դրանք կյանքի կոչելու հարցում:

Նախարար Դավիթ Հարությունյանը արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները համարել է անհետաձգելի և դեսպանի հետ քննարկել վերը նշված ոլորտներում, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործմանը, Աշխատանքային օրենսգրքի բարեփոխմանն ուղղված աշխատանքներում Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունները, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Վերջին շրջանում մի շարք բարեփոխումներ են իրականացվել արդարադատության ոլորտում, մասնավորապես բարեփոխվել են կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող մի շարք ինստիտուտներ, այդ թվում՝ ներդրվել է շահերի հայտարարագրման համակարգ, ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը, հստակեցվել են շահերի բախումները կանխարգելող կանոնները: