AM
15 June 2017 - 08:14 AMT

Ջուլիետա Ալեքսանյանը՝ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի հաղթող

Հունիսի 14-ի երեկոյան հայտնի դարձան Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի հաղթողները։ Առաջին մրցանակի է արժանացել Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիետա Ալեքսանյանը, երկրորդ մրցանակը շնորհվել է Ազամատ Ժելտիրգուզովին (Ղազախստան, բարիտոն), երրորդ մրցանակակիր դարձավ Գագիկ Վարդանյանը (Հայաստան, բարիտոն)։

Տարբեր կազմակերպությունների, մրցույթի ժյուրիի անդամների կողմից շնորհվել են նաև հատուկ մրցանակներ։

Մրցույթի մասնակից Լիլիանա Նատալի Բյուիքիանսը (ԱՄՆ, սոպրանո) հատուկ մրցանակների է արժանացել Կոմիտասի երգի, ինչպես նաև 17-18-րդ դարերի արիայի լավագույն մեկնաբանությունների համար: Հայ կոմպոզիտորի երգի/ռոմանսի լավագույն մեկնաբանության համար հատուկ մրցանակ ստացավ Գագիկ Վարդանյանը:

Ազամատ Ժելտիրգուզովն արժամացել է ռուս կոմպոզիտորի արիայի լավագույն մեկնաբանության և ազգային երգի լավագույն մեկնաբանության համար հատուկ մրցանակների: Տիգրան Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» օպերայից արիայի լավագույն մեկնաբանության համար մրցանակներ շնորհվեցին Ազամատին և մրցույթի հաղթող Ջուլիետա Ալեքսանյանին:

Հանդիսատեսի համակրանք մրցանակին արժանացել է Տիգրան Օհանյանը (Հայաստան, տենոր): Լավագույն կոնցերտմայստեր ճանաչվեց Ելենա Վարդազարյանը: Եղան նաև այլ մրցանակներ։

Խաչատրյանի անվան մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանն առանձնացրել է այն փաստը, որ տարբեր երկրներից ժամանած մասնակիցները սովորեցին և կատարեցին Կոմիտասի ու այլ հայ կամպոզիտորների գործեր։ Արմեն Սմբատյանը նշել է, որ նման մրցույթները մեծ դեր են կատարում երիտասարդ տաղանդներին բացահայտելու, նրանց ճանաչելիություն պարգևելու հարցում։

Ժյուրիի նախագահ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշել է, որ շատ հաճելի էր այս օրերի ընթացքում աշխատել իր գործընկերների հետ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին` բարձր մակարդակով կազմակերպված մրցույթի համար:

Երեկոյին ներկա էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ում հովանու ներքո անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։