Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանի առաջարկով անվանի օպերային բեմադրիչ-ռեժիսոր, պրոդյուսեր Անդրեյս Ժագարսը հասարակական հիմունքներով այսուհետ կկատարի Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարի միջազգային հարցերով խորհրդականի աշխատանքը:
Արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի 85-րդ թատերաշրջանում Ա. Ժագարսը կիրականացնի Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերայի նոր բեմադրությունը:
Ռիգայի օպերային թատրոնում Ժագարսի բեմադրած «Տրավիատա» օպերայում տարիներ առաջ հանդես է եկել նաև Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը:
Անդրեյս Ժագարս խորհրդային և լատվիացի դերասան, թատրոնի ռեժիսոր, ռեստորանի սեփականատեր է:
Ավարտել է Լատվիայի Յազեպ Վիտոլայի անվան պետական կոնսերվատորիայի թատրոնի ֆակուլտետի դերասանական բաժինը (1982): 1982-1993 թվականներին աշխատել է Դայլես թատրոնում, նկարահանվել ֆիլմերում:
1989 և 1990 թվականները անցկացրել է երկրից դուրս, ապրել Շվեդիայում և ԱՄՆ-ում: 1993-ին չշարունակեց դերասանական կարիերան և զբաղվեց ռեստորանային բիզնեսով՝ բացելով մի քանի հայտնի ռեստորաններ, այդ թվում՝ Osiris-ը, Սիմպոզիումը և Deco-bar-ը: 1996-ի օգոստոսից մինչև 2013-ի սեպտեմբերը եղել է Լատվիայի ազգային օպերայի տնօրենը: 2002-ին նա կատարեց իր դեբյուտը որպես օպերային ռեժիսոր: 2016 թվականի հունվար-փետրվար ամիսներին Մեծ թատրոնի բալետի մենակատար է, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իլզե Լիեպայի հետ եղել է ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի «Մեծ բալետ 2016» նախագծի վարողը («Մեծ բալետ» նախագծի երկրորդ եթերաշրջանը):