«Գայանե» բալետի տապալումը խայտառակություն էր ու սադրանք, որի մեղավորներն արդեն իսկ համապատասխան պատասխանատվության են ենթարկվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ:
«750 հանդիսատես կար, որոնց մեծ մասն արտասահմանից էր: Գեղարվեստական ղեկավար և տնօրեն Օրբելյանն իր միջոցների հաշվին հրավիրել էր գործակալների, որոնք ներկայացումը պիտի դիտեին արտասահմանյան շրջագայման համար: Սա լուրջ տապալում էր», – ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Նախարարի խոսքով՝ վարչական անձնակազմի 10 աշխատակից, այդ թվում 3 փոխտնօրեն, բացատրագրեր են գրել. «Փոխտնօրեններից մեկը՝ Նարեկ Անտոնյանը, աշխատանքից հեռացման դիմում էր գրել՝ մեղքն իր վրա վերցնելով: Նրանք, ովքեր նվագախմբի համար նախատեսված տեղում չէին եղել, խիստ նկատողություն են ստացել և ընթացիկ հավելավճարներից զրկվել», – ընդգծել է Ամիրյանը:
Նրա խոսքով՝ բալետի համար խիստ կարգ ու կանոն է հաստատված և արդեն 2-րդ օրն է՝ ներկայացումը սկսվում է ամենաուշը ժամը 19:01-ին:
«Վստահ եմ, որ նման բան չի կրկնվի», – եզրափակել է նա:
Հունիսի 8-ին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Գայանե» բալետի ներկայացումը տապալվել է: Նվագախումբը բեմ դուրս չի եկել:
«Նվագախմբի անդամները բացատրագրեր են գրել,որոնք ավելի ուշ կներկայացվեն հանրությանը: 1160 հանդիսատեսի առաջ դուրս չգալը տեղի է ունեցել անհիմն պատճառներով: Ավելի վաղ 583 աշխատակցից 10 հոգի վարչական մասից ստացել էր ծանուցում կրճատման մասին, հնարավոր է բողոքը կապված է դրա հետ», ասել էր օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի խոսնակ Վահագն Գասպարյանը:
Ընթերցեք նաև.Օրբելյանը չի հասկանում, թե ինչու է տապալվել «Գայանե» բալետը