ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության գոտի չեն բերել նոր առաջարկներ, սակայն որոշ գաղափարներ են ներկայացրել ադրբեջանական ղեկավարության քննարկմանը: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինան: Նրա խոսքերով, շարունակվում է այն գաղափարների քննարկումը, որոնք նախկինում դիտարկվել են` կարգավորման լավագույն տարբերակ գտնելու նպատակով: Ինչպես նշել է ամերիկացի դիվանագետը, ռազմական գործողությունների վերսկսումը կարող է ծանր հետեւանքներ ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Պատասխանելով Մինսկի խմբի անկարողության վերաբերյալ ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին` Պերինան հայտարարել է. «Եթե կողմերը որոշեն փոխել բանակցությունների ձեւաչափը, համանախագահները ըմբռնումով եւ հարգանքով կվերաբերվեն դրան»: Ընդ որում, դիվանագետը կարծիք է հայտնել, որ գործող ձեւաչափը ամենաընդունելին է կարգավորման գործընթացի համար: