Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակում այս տարի առաջին անգամ հանձնվել են հատուկ մրցանակներ՝ «Կինոարվեստում Մոսկվայի կերպարը ստեղծելու համար»: Այս անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր, սցենարիստ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը՝ ստանալով նաև 50 մլն ռուբլի դրամական պարգևը:
Անդրեյ Զայցևի «14+» և Ռոման Պրիգունովի «Դուխլես» ֆիլմերն արժանացել են այս անվանակարգում 2-րդ և 3-րդ մրցանակներին՝ համապատասխանաբար՝ 30 և 20 մլն ռուբլի դրամական պարգևի հետ միասին, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Մոսկվայի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանացել է չին ռեժիսոր Լյան Ցյաոյի «Սրածայր իբիս» ֆիլմը: Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Թուրքիայի ներկայացուցիչ Ֆիկրետ Ռեյհանը «Դեղին շոգ» ֆիլմի համար: Լավագույն դերասանուհի մրցանակին արժանացել է ավստրիացի Վերենա Ալտենբերգերը, լավագույն դերասան՝ Սոն Հեն Չուն:
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել նորվեգական «Շտապ օգնությունը»: «Վավերագրական կինո» անվանակարգում մրցանակը ստացել է Ժան Ստեֆան Բրոնի «Օպերա» ֆիլմը:
2015-ին Աննա Մելիքյանի ռեժիսորական աշխատանքը՝ «Սիրո մասին» ֆիլմը, արժանացել էռուսական «Կինոտավր» փառատոնի գլխավոր՝ «Գրան պրի» մրցանակին:






