AM
7 July 2017 - 08:15 AMT

Շարմազանով. 2018-ին կոալիցիայի պատկերը կքննարկվի ապրիլին

2018-ի ապագա կոալիցիայի, կառավարության վերաբերյալ որևէ քննարկում ՀՀԿ-ում չի ծավալվել: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԱԺ փոխխոսնակԷդուարդ Շարմազանովը:

«Մեկ անգամ չէ, որ դրա մասին ասվել է: ՀՀԿ-ն այս պահին իրականացնում է նախագահ Սարգսյանի՝ մայիսի 18-ի ծրագրային ելույթի դրույթները, որի հիմքի վրա է կառավարությունը», – ասել է Շարմազանովը, հայտնում է Aysor.am-ը:

Դիտարկմանը, թե կա արդյոք ցանկություն ՀՅԴ-ն փոխարինել «Ծառուկյան» դաշինքով, Շարմազանովը պատասխանել է, որ ՀՅԴ-ն իր կայուն տեղն ունի կոալիցիայում, իսկ թե ինչ պատկեր կունենա կոալիցիան 2018-ին. կքննարկվի հաջորդ տարվա ապրիլին:

Ավելի վաղ, խորհրդարանի հունիսի 21-ի նիստում Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր. «Անկախ նրանից` ով կլինի ՀՀ վարչապետը, գործ եք ունենալու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՅԴ-ի հետ»: Նա անդրադարձել էր վարչապետ Կարեն Կարապետյանի` 2018-ից հետո իր պաշտոնում մնալու կամ չմնալու խոսակցություններին. «Մենք խորհրդարանական հանրապետություն ենք արդեն, ու ժողովուրդը իր ձայնը տվել է ՀՀԿ-ին»։

Կառավարության ներկայացրած ծրագրի հիմքում դրված է անվտանգ, արդար, անկախ և խելացի Հայաստան ունենալու տեսլականը։ Այս մասին հունիսի 21-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է ելույթն Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս: