Հնարավոր չէ ժողովրդավարության հասնել մի երկրում, որտեղ մարդու իրավունքների – ազատությունների բնագավառում գոյություն ունեն այդքան իրավախախտումներ: Ադրբեջանում դիտարկման վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկելիս նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի պատգամավոր Հեմկոգը: Նրա կարծիքով, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ԶԼՄ-ները, Ադրբեջանում տեղ գտած խախտումներն անընդունելի են ցանկացած եվրոպական պետության համար: «Եթե Ադրբեջանը չլիներ Եվրախորհրդի անդամ, եվրոպական գործիչներից ոչ մեկը չէր շփվի Բաքվի վարչակարգի հետ, քանզի նման կառավարության հետ շփումը նրանց համար վարկաբեկիչ կլիներ», – ասել է Հեմգոկը: Միեւնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ պաշտոնական Բաքվի հետ ներկա երկխոսությունը բոլորովին էլ չի նշանակում, որ բոլոր այդ խախտումների վրա Եվրոպայում աչք են փակում: «Դա միայն երկխոսության փորձ է, Ադրբեջանի կառավարությանը բացատրելու համար, որ այդպես շարունակվել չի կարող: Եթե Բաքվում իրավիճակը չփոխվի եւ այնտեղ չդադարի խախտվել ժողովրդավարության նորմերը, ապա Եվրախորհրդի համբերությունը կսպառվի», – հայտարարել է անգլիացի խորհրդարանականը: Մյուս ելույթ ունեցողները նշել են, որ Ադրբեջանում շատ բան ձեւականորեն է տեղի ունենում, մասնավորապես, օրենքներ են ընդունվում, կոնվենցիաներ են ստորագրվում, սակայն ոչ ոք դրանք չի կատարում: Բաքվի իշխանությունները խաբում են Եվրախորհրդին` ձեւացնելով, որ ընթանում են ժողովրդավարության ճանապարհով, իսկ իրականում ավտորիտար ռեժիմը շարունակվում է ամրապնդվել: Ադրբեջանում քաղբանտարկյալների առնչությամբ տիրող իրավիճակի հասցեին խիստ քննադատությամբ հանդես է եկել պատգամավոր Ժորժ Քլերֆայթը: Նրա խոսքերով, Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում գոյություն ունեցող խնդիրները չի կարելի բացատրել ղարաբաղյան խնդրով եւ փախստականներով: