AM
27 September 2002 - 14:29 AMT

ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋԱՆՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

«Խաղաղ գործընթացի տպավորություն ստեղծելու փորձ» է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայիս այցը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան Ադրբեջանի նախկին պետխորհրդական, ներկայումս անկախ փորձագետ Վաֆա Գուլուզադեն: Ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, մեկնաբանելով միջնորդների այցը հակամարտության տարածաշրջան` Գուլուզադեն հայտարարել է Բաքվի «Էխո» թերթին. «Ինչքա՞ն կարելի է ուսումնասիրել «կողմերի դիրքորոշումները»: Նրա կարծիքով, Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները չեն կարող մոտեցվել: Նախկին խորհրդականը լիովին բացառել է, որ միջնորդները կարող են ինչ որ դրական բան քաղել Սադարակում կայացած Ալիեւ-Քոչարյան հանդիպման արդյունքներից: «Եթե ինչ որ դրական արդյունքներ ձեռք բերված լինեին, ապա առաջին հերթին դրանց մասին կհայտարարեին երկու նախագահները»,- գտնում է նա: Գուլուզադեի խոսքերով` բանակցության կողմերը թաքցնում են փոխըմբռնման բացակայության փաստը` փոխզիջումը, որը թեւածում էր օդում (տարածքների փոխանակում եւ այլն), դատարկաբանություն դուրս եկավ` ոչ ոք դրան չի գնում: Պատասխանելով այն հարցին, թե ինչ շահ ունեն Ադրբեջանի իշխանություններն այս այցից, Գուլուզադեն նշել է. «Նրանք ստեղծում են խաղաղ գործընթացի տպավորություն, որը չկա: Այն չկա դեռ 1994 թվականի մայիսի 12-ից: Սկզբում մենք ինքներս էինք հավատում այդ տպավորությանը, այժմ արդեն չենք հավատում` շարունակելով ձեւացնել, թե հավատում ենք»: