Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Թերի Դեւիսի այցը տարածաշրջան կկայանա, ամենայն հավանականությամբ, 2003 թվականի սկզբին: Այդ մասին հայտարարել է ինքը` Թերի Դեւիսը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Դեւիսի խոսքերով` նա մտադիր չէ շտապել տարածաշրջան այցի հարցում – չի պատրաստվում անակնկալ եւ կտրուկ որոշումներ կայացնել: Ներկայումս նա ծանոթանում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայկական եւ ադրբեջանական կողմերի տրամադրած փաստաթղթերին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում ծրագրված է հայկական կողմի հանդիպումը Թերի Դեւիսի հետ, որի ընթացքում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի նախապատրաստմանն առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ Թերի Դեւիսի այցը տարածաշրջան ի սկզբանե նախատեսվում էր ընթացիկ տարվա հոկտեմբերին: