AM
28 Սեպտեմբեր 2017 - 07:47 AMT

Լեհաստանը պատրաստ է ակտիվացնել ՀՀ հետ գործակցությունը պաշտպանական բնագավառում

Լեհական կողմը պատրաստակամ է ակտիվացնել ՀՀ հետ համագործակցությունը պաշտպանական բնագավառում: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և ռազմական արդյունաբերության ոլորտում հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Բարտոշ Չիխոցկին կարևորել է հայ-լեհական համագործակցությունը պաշտպանական բնագավառում և հայտնել լեհական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցությունն ակտիվացնելու հարցում:

ՀՀ պաշտպանության նախարարը, խոսելով երկկողմ փոխգործակցության ներկայիս մակարդակի մասին, նշել է, որ համագործակցության զարգացմանը միտված ծրագրերի իրականացման համար խոչընդոտներ չկան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

ՀՀ-ում գործում է 2014-ի հոկտեմբերին գործարկված հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» գործարանը, որի արտադրանքը պահանջարկ ունի:«Լյուբավա-Արմենիա» ընկերությունը համատեղ հայ-լեհական ձեռնարկություն է, ի թիվս այլ ապրանքատեսակների, արտադրում է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ծածկեր: Հայաստանի կառավարությունը մոտ 400 մլն դրամ («Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ գույքը՝ վարչական, արտադրական մասնաշենքեր և հարակից հողատարածքներ) է ներդրել հայ-լեհական ռազմարդյունաբերական ընկերությունում՝ լեհական կողմից ակնկալելով մոտ $10 մլն ներդրում: $2 մլն-ը դեռ 2013-ի օգոստոսից մեկնարկած շինաշխատանքները կատարելով է ներդվել, իսկ մյուս մասը նախատեսված է տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերման, կադրերի պատրաստման և արտադրության կազմակերպման համար: Բաժնետոմսերի 51%-ը պատկանում է լեհական կողմին, 49%-ը՝ հայկական: