AM
29 September 2017 - 06:39 AMT

Շարմազանով. Ղարաբաղում չկան օկուպացված տարածքներ

Ղարաբաղում չկան օկուպացված տարածքներ, իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Անկարան անելիք չունի Արցախյան գործընթացում: Այսպիսի հայտարարություն է արել խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Թուրքիայի ՊՆ ղեկավարի հայտարարությանը:

Սպետեմբերի 28-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին Բաքվում հայտարարել է, թե «Ղարաբաղի ազատագրումը, որն Ադրբեջանի տարածքն է, կարևոր է, և ադրբեջանական հողերը վաղ թե ուշ կազատագրվեն հայկական օկուպացիայից»: Նա հավելել է, որ Թուրքիան և Ադրբեջանը պետք է միավորեն ջանքերը ռազմարդյունաբերության ոլորտում, քանի որ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետություններից զենքի գնման հարցում:

«Թուրքիան հստակ ադրբեջանամետ ուղղվածություն ու կարծիք ունի։ Թուրքիան թե ռազմական, թե քաղաքական, թե տնտեսական օժանդակություն է ցույց տվել Ադրբեջանին, Թուրքիան այն երկիրն է, որը սատարել է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը ապրիլյան պատերազմի ժամանակ», – ասել Է Շարմազանովը, հայտնում է Aysor.am-ը:

ՀՀԿ խոսնակն ընդգծել է՝ Թուրքիայի պաշտպանության նախարարն իր հայտարարությամբ ապացուցեց, որ Ադրբեջանը ոչ այլ ինչ է, քան երկրորդ թուրքական պետություն:

Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներին՝ Շարմազանովն ասել է՝ նման տարածքներից Թուրքիան չպետք է խոսի: «Ղարաբաղում չկան օկուպացված տարածքներ։ Ադրբեջանն է օկուպացրել Ղարաբաղի տարածքները՝ Գետաշենը, Շահումյանը, Մարտունաշենը։ Բոլորի աչքի առաջ, օրը ցերեկով հենց Թուրքիան է օկուպացրել Եվրամիության անդամ երկրի՝ Կիպրոսի 38 տոկոսն ու առ այսօր օկուպացված է պահում տարածքը», – նշել է ԱԺ փոխնախագահը:

Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությանն անդրադարձել էին նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։