Ռուսաստանի Դաշնությունը բոլորովին մտադրություն չունի խախտել Վրաստանի տարածքային ամբողջականությունը կամ վտանգել Վրաստանի անկախությունը, խնդիրը Պանկիսի կիրճից ահաբեկիչներին հեռացնելն է, որը կնպաստի միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Այդ մասին ասվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանին ուղղված ՌԴ Պետական Դումայի նախագահ Գենադի Սելեզնյովի եւ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի ուղերձներում: Նամակներն այսօր հանձնել է ՀՀ ԱԺ խոսնակին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը: Ողերձներում նշված է նաեւ, որ այս հարցերը կքննարկվեն Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպման ժամանակ, ինչպես նաեւ Թբիլիսիում` «Կովկասյան քառյակի»` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների խոսնակների առաջիկա հանդիպման ընթացքում: Ուղերձի հեղինակները հույս են հայտնում, որ այդ իրավիճակից դուրս գալու դրական ելք անպայման կգտնվի: