AM
24 September 2002 - 14:30 AMT

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆԴԻՍՆՈՒՄ Է ՈՉ ԹԵ ՕԲՅԵԿՏ, ԱՅԼ` ՍՈՒԲՅԵԿՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ

Վաղ թե ուշ ղարաբաղյան կողմը պետք է ներգրավվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Այդ մասին «Դե-ֆակտո» գործակալությանը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Գրիբկովը: «Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, թե առանց Ստեփանակերտի մասնակցության, առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի շահերը, հնարավոր չի խոսել լրիվ կարգավորման մասին: Կարծում եմ բոլորն են հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում հանդիսնում է ոչ թե օբյեկտ, այլ սուբյեկտ»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ ռուս դիվանագետը քիչ հավանական է համարել մոտ ապագայում Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսումը նաեւ ղարաբաղյան կողմի մասնակցությամբ: Դժվար թե դա իրական լինի Հայաստանում եւ Ադրբեջանում տիրող նախընտրական պայմաններում, ասել է Նիկոլայ Գրիբկովը: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ մինչեւ ընթացիկ տարվա վերջը կարելի կլինի վերսկսել Պրահայի բանակցությունների մեխանիզմը, այսինքն, անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հատուկ ներկայացուցիչների, երկու երկրների արտաքին գործերի փոխնախարարներ Թաթուլ Մարգարյանի եւ Արազ Ազիմովի երրորդ հանդիպումը: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի միջնորդների առաջիկա այցը ղարաբաղյան հակամարտության գոտի սպասվում է սեպտեմբերի 25-26-ը: Նրանք կայցելեն Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու: