Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» մրցանակին: ԱՊՀ երկրների մարդասիրական «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի հանձնման խորհուրդը հրապարակել է 2016-ի դափնեկիրների անունները:
Մրցանակին հավակնում էր 12 թեկնածու 8 երկրից: Ժյուրիի որոշմամբ «Համագործակցության աստղեր» մրցանակին արժանացել է 8 թեկնածու, ասվում է հիմնադրամի կայքում:
Նշվում է, որ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը «հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի ճանաչված առաջատարն է, նրա ստեղծագործությունները մեծ հաջողությամբ կատարվում են աշխարհի բոլոր երաժշտական մայրաքաղաքներում», նա վարպետորեն համադրում է ժամանակակից հայ երաժշտարվեստն ու ժողովրդական ավանդույթները:
Մրցանակը նաև դրամական մաս ունի՝ 2 միլիոն ռուբլի (16,7 մլն դրամ):
«Համագործակցության աստղեր» ամենամյա մրցանակը տրվում է ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին գիտության և կրթության, մշակույթի և արվեստի, հումանիտար ոլորտներում:
Դափնեկիրների պարգևատրման արարողությունը կկայանա Մոսկվայում դեկտեմբերին: