AM
23 September 2002 - 17:10 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐԵՆ ՈՉ ԹԵ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԸ, ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԽՈՍՆԱԿԸ

Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորեն միջազգային կազմակերպությունները, առաջին հերթին ԵԱՀԿ-ն, եւ նախագահները, այլ ոչ թե ազգային խորհրդարանները: Այդպիսի կարծիք է հայտնել այցով Բաքվում գտնվող ՌԴ Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովը: Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսքերովի հետ կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, արդյոք կկարողանա Պետդուման նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկումը, խոսնակը հայտարարել է. «Մենք դեմ ենք, որպեսզի նման հարցերը լուծվեն հրապարակայնորեն: Այս գործում հարկավոր են խելամիտ, նուրբ դիվանագետներ, միջազգային կազմակերպություններ, որոնք դիտորդներ կհատկացնեն, ինչպես նաեւ նախագահների արդյունավետ աշխատանք»: Նրա կարծիքով, իր խոսքն առայժմ չի ասել նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խումբը: