AM
21 September 2002 - 15:21 AMT

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԵՒԱՆՈՒՄ

ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության եւ հատուկ ծառայությունների մարմինների ղեկավարների խորհրդի հերթական 14-րդ նիստը տեղի կունենա Երեւանում: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդպիսի որոշում են ընդունել Քիշինեւում ավարտված Խորհրդի 13-րդ նիստի մասնակիցները, որոնք քննարկել են միջազգային ահաբեկչության, անջատողականության եւ ծայրահեղականության դեմ պայքարի շուրջ համագործակցության մասին նախկինում ստորագրված արձանագրությունների կատարման ընթացքը: Նիստում, որին Հայաստանի կողմից մասնակցել է ազգային անվտանգության նախարարի տեղակալ Գրիգորի Գրիգորյանը, համաձայնեցվել է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների փոխգործունեության աշխատակարգը լայնամասշտաբ մաքսանենգության, ԱՊՀ տարածությունում տնտեսական անվտանգությանը սպառնացող միջազգային հանցավոր խմբերի գործունեության բացահայտման եւ կանխման ուղղությամբ: Բացի այդ, մշակվել են հանձնարարականներ թմրանյութերի հայտնաբերման գիտատեխնիկական մասնագիտացված կենտրոնների ստեղծման առնչությամբ: