2018-ի մայիսի 4-5-ին երկրորդ անգամ կանցկացվի «Երևանի գինու օրեր» միջոցառումը, որի շրջանակում ՀՀ և Արցախի գինեգործները կներկայացնեն իրենց արտադրանքը: Այդ մասին ասվում է կազմակերպիչների հայտարարության մեջ:
Միջոցառումը կանցկացվի Սարյան-Թումանյան-Արամի խաչմերուկների հատվածում, ժամը 18:00-23:00-ի հատվածում:
«Երևանի գինու օրերի» պատվավոր հյուրերն են լինելու միջազգային գինեգետներ, ճանաչված սննդի բլոգերներ (Food bloggers):
Միջոցառման նպատակը նույնն է՝ խթանել զբոսաշրջությունը և ապահովել Հայաստանի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը: Տուրիզմի զարգացումն անմիջական ազդեցություն է ունենում երկրում գործող բիզնեսների առաջխաղացման, հեղինակության ստեղծման կամ բարձրացման և այլ գործոնների վրա, ինչպես նաև ապահովում կայուն ֆինանսական ներհոսք:
Միջոցառման կազմակերպիչներն ունեն պայմանագրեր հայկական և միջազգային տուրօպերատորների հետ. վերջիններս ապահովելու են զբոսաշրջիկների մեծ հոսք Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:
2017թ-ի միջոցառման 2 օրում այցելել է ավելի քան 25.000 տեղացի և զբոսաշջիկ:
«Երևանի գինու օրերը» հիանալի հնարավորություն են ընձեռելու հայ գինի արտադրողներին, լավագույն ռեստորաններին և կամ այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերություններին՝ ներկայանալ հայ և միջազգային այցելուներին, ցուցադրել իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռք բերել և իրականացնել մարքեթինգային այլ ակցիաներ:






