Գործադիրի դեկտեմբերի 14-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հակակոռուպցիոն գործող ռազմավարության արդյունքների և նոր ռազմավարության մշակման վերաբերյալ հանձնարարականներ է տվել:
Վարչապետը նշել է, որ 2015-ին ընդունվել է Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը և այս ժամանակահատվածում Կառավարության նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին և կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, սակայն հարկավոր է արդեն այս փուլում ձեռնարկել միջոցներ՝ նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ՝ զուգահեռ ներդնելով նոր ռազմավարության կատարման մոնիթորինգի և արդյունքների գնահատման մեխանիզմներ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարել է սահմանված ժամկետներում ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մշակման և միջոցառումների կատարման աշխատանքները:
Բացի այդ, վարչապետը հանձնարարել է 30-օրյա ժամկետում՝ ըստ ոլորտի, մշակել հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ և դրանք ներկայացնել Արդարադատության նախարարություն:
Կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարվել է 15-օրյա ժամկետում ավարտին հասցնել ներկայումս գործող 4 ոլորտային հակակոռռուպցիոն միջոցառումների մոնիթորինգի և գնահատման մեխանիզմների մշակման աշխատանքները, սահմանված ժամկետներում ամփոփել հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված և իրականացված միջոցառումներն ու արդյունքները, այնուհետև ներկայացնել ամփոփ տեղեկատվություն՝ ապահովելով դրա հասանելիությունը հնարավորինս լայն զանգվածներին:
Արդարադատության նախարարին հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ, հստակ արձանագրել թիրախային նոր ոլորտներ, մոնիթորինգային և գնահատման ցուցանիշներ, ինչպես նաև կոնկրետ միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը և կոռուպցիոն հանցագործությունների քննության համակարգի արդյունավետության բարձրացմանը:
«Փաստաթղթի մշակման արդյունքում հնարավորինս ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գործարարներին, գիտնականներին և այլ շահագրգիռ կողմերին»,- ասել է Կարեն Կարապետյանը:






