Հայտնի հոլիվուդյան դերասաններ Լեոնարդո դի Կապրիոն և Բրեդ Փիթը կնկարահանվեն ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի նոր ֆիլմում, որն էկրան կբարձրանա 2019-ի օգոստոսին:
Ֆիլմը կոչվելու է «Մեկ անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood), իսկ գործողությունը կծավալվի Լոս Անջելեսում 1969թ., երբ սպանվեց դերասանուհի Շերոն Թեյթը: 43-ամյա Դի Կապրիոն կկատարի վեսթերնների նախկին աստղ Ռիկ Դալթոնի, իսկ 54-ամյա Փիթը նրա դուբլյոր Քլիֆ Բուտի դերը, գրում է ՏԱՍՍ-ը The Hollywood Reporter-ի վրա հղումով:
1969-ին Չարլզ Մենսոնի «Ընտանիք» աղանդի անդամները 9 մարդ սպանեցին Կալիֆորնիայում, որոնց թվում էր նաև ռեժիսոր Ռոման Պոլանսկու կինը՝ դերասանուհի Շերոն Թեյթը:
Երկու օսկարակիր դերասանի մասնակցությունը ֆիլմին նրանց առաջին համատեղ աշխատանքը կլինի, թեև նրանք առանձին նկարահանվել են Տարանտինոյի մոտ:
Դի Կապրիոն նկարահանվել է «Ազատված Ջանգոյում» (Django Unchained, 2012), Փիթը՝ «Անփառունակ սրիկաներում» (Inglourious Basterds, 2009):
«Շատ ուրախ կլինեմ պատմել այս պատմությունն այն Լոս Անջելեսի և Հոլիվուդի մասին, որոնք արդեն գոյություն չունեն»,-ասել է Տարանտինոն, որն ապրում է այդ քաղաքում գրեթե իր ամբողջ կյանքում: Ըստ ռեժիսորի, նա նոր ֆիլմի սցնեարը գրեթե 5 տարի է գրել:
54-ամյա Տարանտինոյի վերջին ֆիլմը, որը 2 Օսկարի է արժանացել, «Զազրելի 8-նյակն է» (The Hateful Eight),որն էկրան է բարձրացել 2015-ին: